Կանանց Օրգազմի Խանգարման Պատճառները, Ախտորոշումն Ու Բուժումը

Հեշտանքի փուլի խանգարումները լայնորեն տարածված են: Կլինիկական փորձը վկայում է, որ 40-ից ցածր այցելուների մեջ կանանց հեշտանքի խանգարումները և տղամարդկանց վաղաժամ սերմնաժայթքումը, ըստ էության, ամենից հաճախ հանդիպող սեռական գանգատներն են:
Կանանց հեշտանքի խանգարումները, որոնք պայմանավորված են հոգեբանական գործոններով, բնութագրվում են հետևյալ ձևով. «Հեշտանքի պարբերաբար կամ մշտական արգելակում, որը դրսևորվում է սեռական գործողության ժամանակ հեշտանքի ուշացումով կամ լրիվ բացակայությամբ, երբ դրան նախորդում է բժշկի կողմից իբրև ադեկվատ գնահատված գրգռանքի փուլը»:
Այս վիճակը չի համապատասխանում նախկինում լայնորեն կիրառվող «ֆրիգիդություն» ախտորոշմանը, քանի որ նման կանայք ունեն սեռական ցանկություն, հետաքրքրված են տղամարդկանցով և սեռական կյանքով, ընդունակ են էրոտիկ հաճույք զգալու: Սիրախաղի ժամանակ նրանք ի վիճակի են գրգվելու ու ունենալու հեշտոցի խոնավացում` իբրև սեռական գրգռմանը տրվող պատասխան ռեակցիա: Այլ խոսքով ասած, սեռական ցիկլի սկզբնական երկու, այն է` ցանկության և գրգռման փուլերը, խանգարված չեն, և միակ ներկայացվող գանգատը հեշտանքի հասնելու դժվարությունը կամ անկարողությունն է:

Կանանց հեշտանքի շեմը ունի տարբեր մակարդակներ.

1. Փոքր թիվ կազմող որոշ կանայք կարող են հեշտանք ունենալ առանց սեռական օրգանների անմիջական տակտիլ գրգռման. բավարար է էրոտիկ երևակայությունը կամ կրծքագեղձերի համբուրումը և գրգռող շոշափումը:
2. 20-30% կանայք ունեն սեռական հարաբերության ընթացքում հասնելու հեշտանքի միայն հեշտոցային գրգիռների կուտակման արդյունքում (հեշտոցային հեշտանք) առանց ծլիկի որևէ գրգռման:
3. Հաջորդաբար գալիս են այն կանանց խումբը, ովքեր ի վիճակի են հասնելու հեշտանքի, եթե սեռական հարաբերությունը պարտադիր ուղեկցվի ծլիկի անմիջական գրգռմամբ (խառը` հեշտոցա-ծլիկային կամ միայն ծլիկային հեշտանք):
4. Հետևյալ խմբի կանայք չեն կարող հասնել հեշտանքի սեռական հարաբերության ժամանակ, նույնիսկ եթե այն ուղեկցվում է ծլիկի գրգռմամբ: Սակայն առանձին լինելու դեպքում, առանց զուգընկերոջ ներկայության, էրոտիկ երևակայությունների և ձեռնաշարժության միջոցով նրանք կարող են հեշտանք ունենալ:
5. Վերջին խմբի կանայք բացարձակ անօրգաստիկ են և երբևէ հեշտանք չեն ունեցել:

Վերջին երկու տարբերակները որոշակի վերապահումով համարվում են ախտաբանական, և այդ կանանց կարելի է առաջարկել բուժում: Բուժման ենթակա են նաև հեշտանքի այն խանգարումները, որոնք իրավիճակային են, այսինքն հեշտանք առաջանում է միայն որոշակի պայմաններում: Հոգեվերլուծաբանությամբ զբաղվող որոշ մասնագետներ գտնում են, որ բուժման անհրաժեշտություն կա նաև այն դեպքերում, երբ առնանդամի ներթափանցման ժամանակ հեշտանքն անհնարին է առանց ծլիկի լրացուցիչ գրգռման: Այսուհանդերձ, ժամանակակից սեքսոլոգիայում մասնագետների միջև գոյություն ունի փոխհամաձայնություն այն հարցի շուրջ, որ հեշտանքի հասնելու համար ծլիկի լրացուցիչ գրգռման պահանջը նորմայի սահմաններում է, և նմանատիպ կանայք ենթակա չեն բուժման:

Կլինիկական փորձը ցույց է տալիս, որ սեռական հարաբերության ժամանակ հեշտանք չունեցող որոշ կանայք համապատասխան բուժման արդյունքում կարող են ձեռք բերել այդ ունակությունը, ուստի պետք է ստանան համապատսխան բուժման հնարավորություն, մինչդեռ որոշներին բուժելը իմաստ չունի: Այսինքն, հեշտանքի խանգարումը բուժելու նպատակահարմարությունն ու անհրաժեշտությունը պարք է դառնում այցելուի հետազոտության ժամանակ:

Կանանց և տղամարդկանց կողմից հեշտանքի խանգարումներին տրվող հուզական պատասխանները տարբեր են: Ի տարբերություն տղամարդկանց, որոնց մեծ մտահոգություն է պատճառում սերմնաժայթքման բացակայությունը սեռական գրգռվածության գագաթնակետին, որոշ կանանց մոտ, հեշտանքի բացակայությունը ամենևին չի առաջացնում դժգոհության և սեռական անբավարարվածության զգացում. նրանց չի անհանգստացնում սեռական գրգռման հետևանքով փոքր կոնքում ի հայտ եկած լարվածության և անհարմարավետության զգացումը:

Իհարկե, որոշ դեպքերոմ սա մերժողական պատասխանի արդյունք է, սակայն կան նաև կանայք, որոնք իսկապես սեռական բավարարվածություն են ապրում հեշտանքի բացակայության պարագայում:

Սա չի կարելի միանշանակ գնահատել որպես ախտաբանական պասիվության նշան: Կնոջ կարծիքը այս հարցի շուրջ պետք է հաշվի առնել և հարգել: Այս կանայք ոչ մի դեպքում չպետք է պարտադրվեն բուժման իրենց ամուսինների կամ ″լավագիտակ″ մասնագետների կողմից: Ինչևիցե, որոշ կանայք այն աստիճան են սևեռվում իրենց այս վիճակի վրա, որ երբեմն հասնում են հուսահատության: Նրանք գանգատվում են փոքր կոնքում անհարմարավետության, լարվածության զգացումից և բարկանում են իրենց զուգընկերոջ վրա, քանի որ սեռական հարաբերությունը վերջինիս համար միշտ ավարտում է հեշտանքի բերկրալից զգացումը, ինչից իրենք անարդարացիորեն զրկված են:

Երբեմն զուգընկերը կարող է ավելի մտահոգված լինել կնոջ հեշտանքի խանգարման կապակցությամբ, քան ինքը` կինը: Զուգընկերը կարող է եզրակացնել, որ դրանում կա իր մեղքի բաժինը: Սա հաճախ է պատահում այն դեպքերում, երբ տղամարդը հանիրավի կարծում է, որ կնոջ հեշտանքի պատասխանատուն ինքն է և չի կարողացել կնոջը տալ այն, ինչ պարտավոր է: Նման մտածելակերպը հղի է տղամարդու մոտ թերարժեքության բարդույթի առաջացման վտանգով և սեռական խանգարման զարգացման համար նպաստավոր հող է ստեղծում:

Քուգընկերոջ վերաբերմունքը կարևոր ախտորոշիչ չափանիշ է: Թեև նա մեղվար չէ զուգընկերուհու հեշտանքի խանգարման համար, բայց նրա բացասական և ճնշող վարքը կարող է լուրջ խոչընդոտ հանդիսանալ բուժման ճանապարհին, մինչդեռ նրա աջակցությունը և համագործակցությունը արժեքավոր ներդրում կլինեն բուժման մեջ: Տարբերում են հեշտանքի առաջնային և երկրորդային խանգարումներ: Առաջնայինն այն է, որ կինը երբևիցե հեշտանք չի ունեցել, իսկ երկրորդայինի դեպքում` նախկինում առանց որևէ դժվարության հեշտանքի հասնող կինը ինչ-որ պատճառներով զրկվել է այդ ունակությունից:

Տարբերակիչ ախտորոշումը

Ընդհանուր առմամբ, կնոջ հեշտանքը կարող է խանգարվել միայն եզակի հիվանդությունների և դեղամիջոցների պատճառով: Այս համախտանիշը հիմնականում ունի հոգեբանական արմատներ:

Հեշտանքի խանգարումից գանգատվող կանանց համարյա կեսը ի վիճակի են հեշտանք ունենալ ձեռնաշարժության ժամանակ և չեն հաջողում հեշտանքի հասնել զուգընկերոջ հետ սեռական հարաբերության ընթացքում: Այս դեպքերում ֆիզիկական պատճառներ փնտրելը նպատակահարմար չէ: Սակայն կինը, որ երբևիցե որևէ պայմանում չի հաջողել հեշտանք ունենալ, պետք է բժշկական հետազոտություն անցնի բացառելու համար այն հիվանդագին վիճակները, որոնք կարող են բերել դրան: Ախտածին գործոնների դերը չի բացառվում նաև հեշտանքի երկրորդային խանգարման պարագայում:

Դեղամիջոցներից հեշտանքի խանգարում կարող են առաջացնել այնպիսիները, ինչպիսիք են ՄԱՕ-ինհիբիտորները (հակադեպրեսանտներ) և ալֆա-ադրենոբլոկատորները (հակահիպերտենզիվներ): Հեշտանքը կարող են ուշացնել կամ անհնարին դարձնել հետևյալ ախտաբանական վիճակները.

— ծլիկի բնածին անոմալիաները,
— ծլիկի ֆիմոզը,
— նյարդային դեգեներատիվ հիվանդությունների, տրավմաների, ուռուցքային պրոցեսների հետևանքով հեշտանքի ռեֆլեքսն ապահովող նյարդային ուղիների և ողնուղեղային կենտրոնների ախտահարումը,
— սեռական օրգանների վիրահատական վնասումները,
— շաքարային դիաբետի հետևանքով ծլիկի նյարդերի դեգեներատիվ փոփոխությունները:

Վերոհիշյալ դեպքերում հիվանդության հիմնական նշանների առկայությունը տարբերակիչ ախտորոշման հավաստի հիմք են հանդիսանում:

Պատճառագիտությունը

Հեշտանքի առաջնային խանգարման գործում օրգանական գործոնը ցածր հավանականություն ունի: Ուստի, երբ հետազոտության ընթացքում բացառվում է որևէ սպեցիֆիկ հիվանդության կամ դեղորայքի հնարավոր ազդեցությունը, և սեռական օրգանների անատոմիան նորմայի սահմաններում է, հիվանդին անմիջապես ցուցվում է հոգեթերապիայի կուրս, որն այս պարագայում ամենաարդյունավետ բուժական միջոցն է: Իսկ եթե կինը նախկինում հեշտանքի հետ կապված խնդիրներ չի ունեցել և այժմ էլ չկա հեշտանքը խաթարող հոգեբանական որևէ լուրջ պատճառ, ապա ամենայն հավանականությամբ հեշտանքի խանգարումը հետևանք է որևէ բժշկական խնդրի: Այս դեպքում զգուշորեն պետք է բացառվեն վերոնշյալ օրգանական պատճառները, ներառյալ շաքարային դիաբետը, բազմակի սկլերոզը, ողնուղեղի ուռուցքային և դեգեներատիվ հիվանդությունները:

Կնոջ հեշտանքի խանգարման հիմնական հոգեբանական հիմնական մեխանիզմը սեռական հարաբերության ժամանակ օբսեսիվ ինքնազննումն է, որը հեշտությամբ արգելակում է հեշտանքի ռեֆլեքսի թողարկումը:

Մյուս հիմնական պատճառն այն է, որ կինը չի ստանում բավարար սեռական գրգռում, հատկապես ծլիկի շրջանում: Սա պատահում է այն զույգերի մոտ, ովքեր սխալմամբ կարծում են, թե կնոջ հեշտանքի առաջացման համար բավարար է ընդամենը առնանդամի ներթափանցումը հեշտոց, առանց սիրային նախերգանքի և ծլիկի գրգռման: Այլ դեպքերում, ամոթի և անապահովության զգացումից դրդված կինը չի ասում զուգընկերոջը, թե հատկապես ի՞նչ է իրեն հարկավոր սեռական գրգռման և հեշտանքի հասնելու համար:

Հեշտանքի խանգարում ունեցող որոշ կանայք ի վիճակի չեն էրոտիկ երևակայության: Մյուսները նշում են, որ սեռական հարաբերության ժամանակ տարվում են անցանկալի և անիմաստ մտքերով: Այլ դեպքերում` ծլիկի շոշափումը չեզոք և նույնիսկ տհաճ զգացողություններ է առաջ բերում, որը նյարդայնացնում է կնոջը: Կարելի է եզրակացնել, որ նման կանայք էրոտիկ զգացողությունների դեմ զարգացրել են պաշտպանական մեխանիզմներ և վախենում են իրենց ազատություն տալ` սեռական գրգռմանը տրվելու և անկաշկանդորեն վայելելու սեռական հաճույքը: Զուգընկերոջ հետ հաղորդակցվելու անկարողությունը նույնպես խոչընդոտում է հեշտանքի առաջացմանը: Հաղորդակցության անկարողության հիմքում ընկած խորը ներհոգեբանական կոնֆլիկտները կարելի է բացահայտել տվյալ կնոջ հայրական տանը տիրած բարքերի, նրա հոգեսեռական զագացման ընթացքի, ինչպես նաև զուգընկերոջ հետ ունեցած միջանձնային հարաբերությունների մասին զրույցների միջոցով:

Մանկության տարիներին ձեռնաշարժության և սեռական այլ դրսևորումների դեմ ծնողների խստիվ արգելները և բացասական վերաբերմունքը ներհոգեբանական կոնֆլիկտների աղբյուր են: Այդպիսի կոնֆլիկտներ հաճախ են տեղ գտնում սեռական խանգարումով կանանց փսիխոսեքսուալ զարգացման պատմության մեջ: Այս կանանցից շատերը թշնամական կամ օտարոտի հարաբերություններ ունեն իրենց մայրերի հետ, որոնց կողմից նրանք երբեք խրախուսանք չեն ստացել իրենց մեջ արթնացող սեռականության վերաբերյալ:

Կանանց սեռական խանգարումների առաջացման հիմքում հոգեվերլուծությունը նշանակալի դեր է տալիս անգիտակից նևրոտիկ գործընթացներին (Էդիպյան բարդույթ): Ըստ հոգեվերլուծական տեսանկյունի, սեռականության դեմ պաշտպանական մեխանիզմների հիմքում ընկած են ″հայրական արտացոլանքները″, որի արդյունքում կինը զուգընկերոջ մեջ տեսնում է իր հորը: Իրականում, շփման և սեռական խանգարումներ ունեցող որոշ կանանց հարաբերությունները իրենց հայրերի հետ ակնհայտորեն փակ են կամ կրում են երկակի բնույթ:

Հաճախ տղամարդկանց հետ այս կանանց ընթացիկ հարաբերություններում նկատվում են հաճույքի զգացման արգելակումներ, մտերմության և հավատի դրսևորման ամբիվալենտություն: Որոշ կանայք տղամարդկանց հետ մրցակցության մեջ են մտնում և զուգընկերոջ նկատմամբ ունենում են անվստահության, վախի և երկմտանքի պահեր: Սա կարող է արդյունք լինել կանանց ձեռբերումների հանդեպ հասարակության, հատկապես տղամարդկանց անարդարացի վերաբերմունքի, ինչը կնոջ մոտ ծնում է բարկության և ագրեսիայի դրսևորումներ դեպի տղամարդը: Հեշտանքի խանգարման պատճառ է նաև ինքնակառավարումը ոչ մի գնով չթուլացնելու հակվածությունը, ինչը թույլ չի տալիս կնոջը անմնացորդ տրվել տղամարդուն:

Բուժումը

Հեշտանքի խանգարման բուժումը պետք է նպատակաուղղված լինի անհիմն վախերի և սխալ պատկերացումների ուղղմանը: Այն պետք է օգնի կնոջը բարձրացնելու իր հաստատակամությունը և սեռական նախաձեռնությունը: Կնոջ մեջ պետք է ամրացնել այն համոզմունքը, որ սեռական ակտիվությունը հավասարապես ծառայում է իր հաճույքին: Մի քանի սեռական վարժությունների միջոցով կինը կարող է ճանաչել իր սեռական նախընտրությունները և պատասխանները, սեռական բավարարվածության հասնելու միջոցները:

Հեշտանքի խամգարումները կանանց մոտ բուժվում են մեծ արդյունվետությամբ: Գրեթե բոլոր ընդհանրապես անօրգաստիկ կանայք կարող են տիրապետել հեշտանքի հասնելու ″գաղտնիքին″, նույնիսկ եթե խանգարման հիմքում ընկած են խորը ներհոգեբանական և միջանձնային խնդիրներ: Բուժման արդյունավետության կանխատեսումը փոքր-ինչ դժվար խնդիր է, քանի որ այն կախված է զույգի փոխհարաբերությունների բնույթից և երբեմն կարող է պահանջել ավելի բարդ և երկարատև բուժում` ընդգրկելով նաև զուգընկերոջը:

Նյութի սկզբնաղբյուր՝ sexology.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *