Պետք է պատասխանատվության ենթարկվեն նրանք, ովքեր լողավազանում ու Սևանում լողացող Քոչարյանին «անբուժելի» հիվանդ էին հռչակել


«Առաջին լրատվական»
-ի զրուցակիցն է Ազատամարտիկների դաշինքի խորհրդի անդամ Ռազմիկ Պետրոսյանը։

– Պարոն Պետրոսյան, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը չբացառեց, որ քաղաքական ծրագրերի շրջանակներում կարող է հանդիպել ՀՀ երեք նախկին նախագահների հետ։ Ձեր կարծիքով՝ այս փուլում ի՞նչ հնարավորություններ ունի նա, ի՞նչ զարգացումներ են հնարավոր։

– Վստահ եմ, որ առաջին նախագահը նրա հետ չի հանդիպի, մյուս երկուսի մասին չեմ կարող ասել, իրենց խնդիրն է։ Ինչ վերաբերում է արդյունքներին, ապա ոչ մի արդյունք չի լինի։ Այն, ինչ կապված է նախկինների հետ, մեր ժողովուրդն այդ էջը փակել է։ ԱԱԾ նախկին ղեկավարը, որը այսօր քաղաքական դաշտում է, ոչ մի շանս չունի։ Հեղափոխությունից հետո, երբ նա վարչապետի կողքին էր՝ իրեն մեծարեցինք, մտածեց՝ երևի դա իր անձի հեղինակությունն է։ Բայց երբ հանում ես այդ դաշտից, դառնում  է շարքային քաղաքացի՝ զրո հնարավորություններով։ Այնպես որ, հեռանկարներ չկան, մանավանդ որ իրենց քաղաքականությունն ավելի շատ խանգարող, քայքայող, տարանջատող է, նեգատիվները բարձրաձայնող, որևէ խորհուրդ տալու կամ մտահոգվելու միտում չկա։ Իրենք ուզում են՝ ամեն ինչ վատանա, որ իրենց գործերը լավ լինեն։ Իրենց վարած քաղաքականությունը միայն ընդդեմ է, նույնիսկ դավաճանական։ Իրենց սպասարկող հեռուստաալիքներով ելույթ են ունենում, մի քանի օր առաջ նայում եմ՝ Անժելա Թովմասյանի հյուրը Դեմկուսի առաջնորդն է, ինչ-որ քաղաքական մեկնաբանի հետ… մարդիկ խոսում են բաներ, որոնք ավելի շատ երկրի անվտանգությանն են վերաբերում։ Ո՞ւր ենք մենք հասել։ Նման քաղաքականությունը պետք է դատապարտվի ու արգելափակվի մեր երկրում։ Մենք այսօր փաստացի պատերազմական գործողությունների մեջ գտնվող երկիր ենք, ու մեր յուրաքանչյուրիս բառը մեր պետականության, մեր իշխանությունների, մեր բանակի շուրջ միավորվելու մասին պետք է լինի։ Նրանց բերանները պետք է սկոչվի, այս իրավիճակում նման քաղաքականություն վարելը ոչ այլ ինչ է, քան դավաճանություն։

– Բայց ստացվում է մի իրավիճակ, որ, օրինակ, պատասխանատվության ենթարկվելու փոխարեն Քոչարյանը Սևանում լողանում է…

– Իհարկե, մենք այսօր քաղաքականության մեջ ամեն ինչ տրոհել ենք, նույնն էլ՝ իրավական տիրույթը։ Պետք է պատասխանատվության ենթարկվեն բոլոր այն մարդիկ, առողջապահական կազմակերպությունները, որոնք Քոչարյանին «անբուժելի» հիվանդ էին հռչակել։ Այդ մարդը ազատության մեջ գտնվելու հաջորդ օրվանից լողավազաններում է, հիմա էլ Սևան է հասել։ Այստեղ այդ բժշկական կազմակերպությունների հանդեպ իրավունքի խնդիր կա։

– Ուզում եմ ասել, որ սրա մեղավորությունը նաև իշխանություններն ունեն։

– Ժողովրդավարություն ասածը մեզ մոտ ավելին է։ Չեմ ուզում այս բառը շատ ծեծել, բայց թավիշը շատ է։ Առաջին դեմքի ժողովրդավար լինելն իրավապահ մարմիններին չի վերաբերում, նրանք պարտավոր են իրենց գործառույթներն իրականացնել։ Ազգային անվտանգության խնդիրն է հետևել լրատվամիջոցներով քաղաքական գործիչների հայտարարություններին։ Նրանք, որոնք ազգային անվտանգության իմաստով վտանգ են պարունակում, պետք է արգելափակվեն կամ առնվազն լռելու հանձնարարական ստանան։ Կան հեռուստաալիքներ, որոնք առավոտից երեկո թմբկահարում են հայ-ռուսական վատ հարաբերությունների մասին, դրանից էլ ոգևորվում է մեր թշնամին։ Նրանց պետք է բացատրել, եթե չեն հասկանում, իսկ եթե միտումնավոր են անում՝ պետք է հայտարարվեն դավաճան ու փակվեն։ Ես այս ամենով չեմ գովերգում իշխանություններին և որևէ պաշտոն ունենալու ցանկություն չունեմ՝ ոչ ես, ոչ էլ իմ մտերիմները։ Իմ նպատակն է մաքուր ու հզոր հայրենիք փոխանցել մեր սերունդներին։

«Առաջին լրատվական»

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *