Լևոն Արոնյանը ստիպված եղավ մատ անել սոցիալական մառազմին

«Առաջին լրատվական»-ը գրում է. Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի անձնական կյանքին վերաբերվող իրադարձությունները վերջին օրերին քննարկման լայն առարկա էին դարձել սոցիալական ցանցերում։ Ցավոք, մեր հայրենակիցներից ոմանք իրենց իրավունք վերապահեցին կարծիքներ՝ նույնիսկ դիտարկումներ հնչեցնել մեծ մարզիկի ընտանեկան հարցերի և որոշումների վերաբերյալ։ Ցավոք, էթիկայի նորմերը մեր երկրում այնքան են ոտնատակ արվել, որ շատերը ուշադրություն գրավելու կամ, այսպես կոչված՝ լայքեր հավաքելու համար պատրաստ են անել այն, ինչն ուղղակի անընդունելի է։«Այս տարին անտանելի բարդ տարի էր ինձ համար: Տարի, որը անհասկանալի կերպով փոխելու է մեր կյանքը: Համենայնդեպս, այն արդեն իսկ փոխել է իմը: Արիանային կորցնելը ամենավատ բանն էր, որ ես երբևէ զգացել էի: Այս դժոխքի միջով անցնելը ստիպեց ինձ հասկանալ ինքս ինձ ու վերլուծել կյանքս: Ես գիտեմ, որ Արին միշտ ուզում էր, որ ես ազնիվ լինեմ, ճշմարիտ լինեմ ինքս ինձ հետ և մարդկանց առջև բաց, քանի որ ես հենց այդպիսին եմ: Այսպիսով, այս նամակում ես ուզում եմ անկեղծանալ իմ կյանում վերջերս կատարվելիքի մասին և խոստանալ շարունակել լինել անկեղծ իմ ողջ կյանքի ընթացքում: Հիմնական բանը, որ ես ուզում եմ կիսել ձեզ հետ, այն է, որ ես այժմ ունեմ մարդ իմ կյանքում, որը ստիպում է ինձ կրկին ցանկանալ ապրել: Ճակատագիրը ինձ սեր ու լույս բերեց՝ Անիի կերպարանքով, և ես զգում եմ, որ այսուհետ բոլոր դժբախտությունները անցյալում են: Անին ամենաբարի ու նվիրված մարդկանցից է, որ ես երբևէ հանդիպել եմ: Մեր հետաքրքրություններն ու նպատակները կյանքում շատ նման են: Նա հասկանում է ինձ բոլոր լեզուներով: Ուզում եմ նաև տեղեկացնել, որ հասկացել եմ այն, որ եթե իմ առողջությունն ու կյանքը թույլ տան, ես շախմատ կշարունակեմ խաղալ մինչև իմ կյանքի մայրամուտը: Ես հավատում եմ, որ մենք ամենքս կյանք ենք գալիս մի առաքելության համար: Ես չեմ ընտրել շախմատիստ դառնալը»,- ֆեյսբուքյան իր էջում երեկ գրել էր Արոնյանը: Փաստորեն, սոցցանցերում ողողված ասեկոսեներին վերջ դնելու համար մեր շախմատիստը ստիպված եղավ շախմատի տախտակից դուրս քայլ կատարել՝ այդ կերպ մատ անելով մառազմին։ Արոնյանը կրկին ապացուցեց, որ մեծ մարզիկ լինելուց բացի, միանգամայն ուժեղ անհատականություն է, որին անհնարին է շեղել ճանապարհից։

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 31-ին Արոնյանի կյանքում տեղի ունեցավ ողբերգություն. ավտովթարի հետևանքով կյանքից հեռացավ նրա կինը՝ Արիանա Կաոիլին։ Շատերը շտապեցին ենթադրել, որ մեծ ողբերգությունն իր հետևանքը կթողնի Լևոն Արոնյանի կարիերայի վրա։ Այո, թվում էր, թե տևական ժամանակ մեր շախմատի առաջատարին չենք տեսնի մեծ մրցաշարերում։ Արոնյանն արեց անհնարինը։ Նա չկտրվեց շախմատից և վերջին ամիսներին տարավ տպավորիչ հաղթանակներ։ Սա խոսում է Արոնյանի ուժեղ մարզիկի և, վերջապես, ուժեղ մարդու տեսակի մասին։ Շատ են դեպքերը, երբ հայտնի մարդիկ տեղի ունեցած ողբերգություններից հետո ուղղակի հանձնվում են։ Արոնյանի դեպքում տեղի է ունենում հակառակը։ Արոնյանը բավական հաջող հանդես եկավ նաև այս տարվա ապրիլին տեղի ունեցած Ազգերի լիգայի խաղարկությունում։

Ազգերի լիգայի խաղարկության շրջանակներում էլ նա ելույթ ունեցավ Եվրոպայի հավաքականի կազմում՝ անցկացնելով բազմաթիվ հիանալի պարտիաներ։ Շախմատային աշխարհում արդեն իսկ խոսում են հայ շախմատիստի կարիերայում միանգամայն նոր փուլի մեկնարկի մասին։ Շուտով Արոնյանի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականը պայքարը կսկի համաշխարհային շախմատային օլիմպիադայում։

Վստահ ենք, որ մեր հավաքականի առաջատարի կյանքում արդեն իսկ սկիզբ առած դրական նոտաները կնպաստեն մեր երկրի գլխավոր հավաքականի մեծ հաղթանակին։

«Առաջին լրատվական»

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *